Wednesday, February 25, 2015

Քառյակներ

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
* * *
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թե՛թև սիրտ:
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
* * *
Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:
* * *
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:
* * *
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:
* * *
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նստած իմ ճմբին,
Լոռու հանդում մի արտույտ
Նայում է միշտ իմ ճամփին:
* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:
* * *
Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

No comments:

Post a Comment